Ավելի լավ է բանակում ծառայելուց հետո երիտասարդները կրթություն ստանան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով «Զինապարտութան մասին օրենքում» փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է բուհերից հանել տարկետման իրավունքը, որպեսզի 18 տարին լրանալուց հետո բոլորն անխտիր ծառայեն։

Նշենք, որ նախագիծը կառավարությունը կներկայացվի խորհրդարան մայիսի վերջին։

«Նախագիծը դեռ չեմ տեսել, որ գնահատականներ տամ, բայց կա արդարություն էն առումով, որ ամեն մեկը պիտի ծառայի։ Եթե որեւէ մեկը գերազանց չի սովորում իր իրավունքը ավելի՞ պակաս է։  Չի բացառվում, որ նոր մոտեցումը ընդունվի եւ տարիների ընթացքում մարդիկ ընտելանան ու  այս ձեւով պատկերացնեն՝  նախ բանակ գնան, հետո սովորեն»,- նշել է պատգամավորը։

Առողջապահության նախկին նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ կրթությանը հարված չի լինի, քանի որ երիտասարդները կարող են ուսման հարցերով զբաղվել ծառայությունից հետո։

«Սա որեւէ վնաս կրթությանը չի կարող տալ, ուղղակի խնդիրը հետեւյալն է՝ նույն երեխան երկու տարի հետո պետք է սկսի կրթությունը։ Մինեւնույն ժամանակ նախկինում այլ մոտեցում կար, նրանք ովքեր  ծառայությունից հետո էին դիմում բուհ,  կոնկուրսների ժամանակ  որոշակի արտոնություններ ունեին, դրա համար այս ամենը համալիր քննարկման առարկա է... Բոլորը մտնում են հավասար դաշտ ու բոլորը հավասար  պայմաններում կընդունվեն ու այս դեպքում իրենց առավելությունը կլինի՝ ով որ գերազանցիկ է, պետությունը նրան կաջակցի անվճար սովորել, ով որ չէ՝ պետք է վճարի։ Ես կողմնակից եմ արդարացի լուծմանը, եթե որոշում ենք, որ բոլորը պիտի ծառայեն, ուրեմն պիտի դա լինի հավասար բոլորի համար»։