Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 29-ին մասնակցել է Խարբերդի մասնագիտացված մանկատան նոր մասնաշենքի բացմանը, որը կառուցվել է մանկատան չափահաս սաների խնդիրները լուծելու նպատակով։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, նոր մասնաշենքի` 2007թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 600 մլն դրամ, որն ուղղվել է գույքի ձեռքբերմանը, տարածքի բարեկարգմանը եւ ենթակառուցվածքների ձեւավորմանը։

Նորաբաց կառույցի մուտքը երիզող ժապավենը կտրելուց եւ մանկատան սաների պատրաստած փոքրիկ միջոցառումը դիտելուց հետո վարչապետը շրջել է կահավորված սենյակներով, ծանոթացել երեխաների խնամքի եւ ապրելակերպի պայմաններին, ինչպես նաեւ նրանց ստեղծագործություններին եւ ծառ տնկել մանկատան բակում։

Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը կարեւորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դերը մանկատան գործունեության մեջ։

1953թ. ստեղծված մանկատունը` որպես սոցիալ-բուժառողջապահական հաստատություն զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական եւ մտավոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքով։ Շուրջ 277 երեխաներից 120-ը չափահաս սաներ են, որոնք այսուհետ ապրելու են նոր մասնաշենքում։ Մանկատան անձնակազմն իրականացնում է երեխաների շուրջօրյա խնամք եւ ուսուցում հնարավորությունների շրջանակներում, ինքնասպասարկման հմտությունների կիրառում, ֆիզիկական արատների եւ հոգեբանական խնդիրների կորեկցիա, հիվանդությունների կանխարգելում ու բուժում, ինչպես նաեւ վերականգնողական տարբեր միջոցառումներ։ Բոլոր կարիքավոր երեխաներն ապահովված են քայլակներով եւ սայլակներով։ Գործում են նաեւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սպասարկման կենտրոններ՝ բուժարան եւ մեկուսարան, մանիպուլիացիոն փոքր սենյակ, ատամնաբուժարան, գրադարան, էրգոթերապիայի բաժին, ռենտգենաբանական, պրոֆիլակտիկայի եւ վերականգնողական կենտրոններ։