Հայաստանի արդարադատության նախարար Արփինե հովհաննիսյանի հրամանով, մայիսի 6-ի երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը, իսկ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի արդեն նախկին պետի լիազորությունները դադարեցվել էին դեռ մայիսի 3-ից` և հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրվել էր նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Լեգդարի Եղիազարյանի վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերեւույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նշենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետ Սերոբ Հարությունյանը մարտի 2-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր Կոտայքի մարզային վարչության նախկին պետի պաշտոնից: Նրանից բացի մի քանի բարձրաստիճան ոստիկաններ եւս ազատվել էին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նրանք պաշտոնից ազատվել էին «կրիմինալի» հետ խնջույքների մասնակցելու համար:




























