Շուշիի ազատագրման գործողության մասնակից, օդաչու, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակակիր եւ «Արիության համար» մեդալակիր Միքայել Անդրեասյանը ժպիտով է հիշում Շուշիի ազատագրման օրը: «Շատ ուրախալի օր էր: Շուշին Ղարաբաղի սիրտն է ու շատ կարեւոր հենակետ էր մեզ համար, ազատագրումից հետո ոնց որ թուրքերի մեջքը ջարդեցինք, ոգեւորությունը առաջ մղեց մեր զորքերին»,- այսօր` մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Միքայել Անդրեասյանը` նշելով, որ մեր քաղավիացիան գերազանց է կատարել իր առջեւ դրված խնդիրը:
Հակառակորդը երկու անգամ խոցել է Միքայել Անդրեասյանի հրամանատարությամբ թռիչք կատարող ինքնաթիռը. առաջին անգամ մարտի 27-ին, երկրորդ անգամ` մայիսի 9-ին:
«Ամսի 27-ին թռիչքից հետո գետնից կրակեցին ինքնաթիռին, վնասեցին շարժիչը, կիսավնասված, մի կերպ հասանք Երեւան, հրամանատարը ճիշտ որոշում ընդունեց»,- պատմեց ինքնաթիռի 2-րդ օդաչու Աշոտ Մանուչարյանը` հիշելով, որ ինքնաթիռով 40 երեխա էին տեղափոխում Երեւան, որոնք վախեցած էին:
Երկրորդ անգամ` մայիսի 9-ին խոցվելու ժամանակ դիզվառելիք են տեղափոխելիս եղել: Նրանց ուղեկցող ինքնաթիռի բորտ-ինժեներ Արմեն Սայադյանը հիշում է, ինչպես նրանք վթարային վայրեջք կատարեցին Սիսիանում:
«Ես ականատես եմ եղել` ինչպես խոցվեց Միշայի օդանավը, ինչպես էր այրվում օդում, էդ ամեն ինչը տեսնելով, քեզ թվում է` էդ օդանավում դու ես: Մեր բախտը բերեց, որ բարձր դիրքում էինք ավելի: Իրենց ուղղորդեցինք մինչեւ Սիսիան: Մենք էլ որոշեցինք Սիսիանում վայրէջք կատարել: Եկանք, համարյա նստում էինք, մեքենաներ հանեցին պալասայից, ձեռքով թափահարում էին, որ չնստենք: Բանից պարզվեց, որ բեկորները լցված էին թռիչքուղու վրա, ու եթե մենք վայրէջք կատարեինք էդտեղ, մեզ համար ավելի վատ կլիներ: Մենք օդից Երեւանի հետ կապվեցինք, եկանք Երեւան»,- լրագրողների հետ հանդիպմանը պատմեց նա:
Մայիսի 9-ին Միքայել Անդրեասյանը ողնաշարի վնասվածք է ստացել, տեղափոխվել հիվանդանոց ու միայն մեկ տարի անց կրկին անցել աշխատանքի:
Օդաչուներն այսօր էլ պատրաստ են մեկնելու առաջնագիծ, դիմել են, սակայն իրենց ասել են, որ դեռ անհրաժեշտություն չկա:




























