Հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը կանցկացվի Բեյրութում: Այս մասին նշվել է մայիսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի եւ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արդյունավետ աշխատանք մաղթելով վերջինիս՝ ուղղված երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Դեսպան Մկրտչյանն, ընդգծելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային ասպարեզում, կարեւորվեց առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը զարկ տալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում քննարկվեցին առաջիկայում երկու երկրների վարչապետների մակարդակով փոխայցելությունների կազմակերպման, հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը Բեյրութում անցկացնելու հնարավորությունները:
Կողմերը համակարծիք էին, որ դա նոր խթան կհաղորդի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը եւ բազմազանեցմանը:
Լիբանանյան կողմին պարզաբանվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու եւ այլ շուկաներ դուրս գալու հեռանկարները՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Զրուցակիցները բարձր գնահատեցին լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի զարգացման եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Դեսպան Մկրտչյանը վարչապետ Սալամին տեղեկացրեց Հայաստանի 25-ամյա անկախության առթիվ այս տարի Լիբանանում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին:
Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի աշխատանքի նախարար Սեժան Ազզի հետ: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նախարար Ազզիի մասնակցությանը ապրիլի 23-ին Երեւանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության 2-րդ գլոբան ֆորումին» եւ ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ վերջինիս հանդիպումներին:
Քննարկվեցին երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ համապատասխան շուկաները երկու երկրների աշխատուժի համար հասանելի դարձնելու հեռանկարները:



























