Երեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը 25-ամյա երիտասարդի վրա արձակված կրակոցների գործով կա 1 ձերբակալված անձ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Ձերբակալվածը Երեւան քաղաքի բնակիչ «Սաշ» մականունով Ալեքսանդր Ա.-ն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել: Անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել, թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում եւ հեռացել:
Վիրավորը Նոր Արեշի բնակիչ է, 25-ամյա Արթուր Գեւորգյանն է: Դեպքից առաջ նրա մեքենայի մեջ այլ անձինք են եղել, որոնց նա իջեցրել է՝ ասելով, որ հանդիպում ունի: Դրանից որոշ ժամանակ անց տեղի էր ունեցել դեպքը: Արթուր Գեւորգյանը հրազենային վնասվածքները ստացել էր Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհին: Նրա ուղղությամբ արձակվել էր 6 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



























