Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնում, որ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդն անվստահություն է հայտնել Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.

«Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումն Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում:

Անվստահություն հարցը հարուցվել եւ իրականացվել է այն ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մշտապես լռել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ: Այդ կազմակերպությունները, եւ մասնավորապես, իշխանական կոալիցիայի բացահայտ աջակցությունը վայելող «Եվրոպական շարժում» կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում իրենց դրսեւորել են եւ հայ հասարակության կողմից ճանաչված են որպես ավազակապետական վարչակարգի ամենաջերմեռանդ սատարողներ:

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի ձեւավորումով Հայաստանի հասարակության շրջանում հույսեր արթնացան, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության նոր փուլը, որի հիմքում պետք է դրվեր Ասոցիացման պայմանագիրը, բեկում կբերի Հայաստանում այդքան պահանջված ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսեցին ձգձգել պայմանագրի շուրջ բանակցությունները, այլեւ շարունակաբար ձախողեցին իրենց իսկ կողմից Եվրոպական կառույցների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը:

Այսօր արդեն ՀՀ իշխանությունները բացահայտ փորձ են անում միջամտել այնպիսի մի կառույցի գործունեությանը, որը կոչված է վերահսկել պայմանագրի բանակցությունների ընթացքն ու Հայաստանի պարտավորությունների կատարումը:

ՀՀ իշխանությունների հովանավորությամբ իրականացվող այս գործընթացները բացասական անդրադարձ կունենան Արեւելյան գործընկերության ծրագրի եւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության վրա»: