Ստեփանակերտում քիչ առաջ ավարտվեց ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների ու պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովների համատեղ նիստը:

«Ապրիլյան պատերազմի հետեւանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը եւ դրանից բխող գործողությունները» թեմայով հանդիպումը փակ է եղել: Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք պարբերաբար նման արտագնա հանդիպումներ են կազմակերպել:

«Բաց, անկեղծ ու անկաշկանդ քննարկում է եղել, որի ժամանակ քննարկել ենք Հայաստանին եւ Արցախի արտաքին քաղաքականությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հրաժարվելով մանրամասներ հայտնել:

Համատեղ նիստի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել գլխադասային հանձնաժողովների նախագահներ՝ Ժաննա Գալստյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը եւ Արզիկ Մխիթարյանը՝  ընդգծելով նմանատիպ ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը:

Նիստի ընթացքում հանդես են եկել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ եւ զարգացումներ»), գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը  եւ արտաքին քաղաքականության ու անվտանգության  հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ եւ հնարավոր զարգացումներ):

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:
Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է ՀՀ եւ ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Խորհրդարանականները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ Արցախի եւ Հայաստանի համար արտաքին եւ պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական մի շարք ուղղությունների վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանից եկած պատգամավորները հանդիպում ունեն նաեւ Բակո Սահակյանի հետ: