Ախալցխայում ապրիլի 23-ին հայ եւ վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ոստիկանությունը չի զբաղվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը:

«Ծածկադմփոց են անում: Ոչ մի ռեակցիա չկա ոստիկանների կողմից, ստեղծված է վախի մթնոլորտ, անգամ վկաները վախենում են խոսել իրավիճակի մասին, իրենց ներքին գործերի նախարարն էլ է եղել տեղում, բայց որեւէ անդրադարձ չի եղել թեմային»,- ասաց նա:

Դավիթ Ռստակյանի կարծիքով՝ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանն այդպես էլ չի մեկնի Ջավախք՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից NEWS.am-ին հայտնեցին, որ մի քանի օրվա մեջ Յուրի Վարդանյանը մեկնելու է Ախալցխա, առայժմ սպասում են, որ որոշ բաներ պարզվեն հայերի հասցեին հնչած արտահայտությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ջավախք»  հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ: Ըստ հայտարարության՝ ապրիլի 23-¬ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով  հարգելու  Հայոց Ցեղասպանության զոհերի  հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց  հասկացել են միմյանց: