Ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի զանձազերծած ագրեսիան ցույց տվեց, որ մեր սերունդն անպարտ է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահի օրը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ-մայոր Ստեփան Սաֆարյանը:

«Մենք  առաջնագծում հզոր ու հայրենասեր երիտասարդներ ունենք, հակառակորդը գիտի, որ մենք հզոր ենք ու կարող ենք հասնել մինչեւ Բաքու ու այդ ժամանակ մի քանի չայլու կթողնենք Բաքվում, որ կարողանանք  չայ խմել»,-ասաց գեներալը:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ քառօրյա պատերազմից հետո մի քանի դասեր պետք է քաղենք՝ համախմբվենք եւ աջակցենք մեր բանակին:

«Այս օրերից պետք է դասեր քաղենք, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ երբ օրհասական պահ է լինում մենք կարողանում ենք համախմբվել, բայց երբ մի փոքր լարվածությունն անցնում է շատերին նյութապաշտությունը խեղդում է եւ հայրենասերներին թողնում են իրենց պարիսպների տակ: Կոչ եմ անում միշտ զգոն լինել՝ թշնամին երբ զգա, որ մեզանից ուժեղ է՝ հարձակվելու է: Բայց, երբ համախմբված ենք՝ հզոր ենք: Մենք միեւնույնն է պարտություն չենք կրելու եւ ապացույցն այն է, որ արցախյան գոյամարտում մեկը տասի դեմ կարողացանք հաղթանակել»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է։ Մայիսի 8-ը նշվում է նաեւ որպես Երկրապահի օրը։