Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմում միգուցե  զգացվում էր Վազգենի բացակայությունը, եթե Վազգենը լիներ, մի փոքր ուրիշ ձեւ կլիներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահի օրը, Եռաբլուրում NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, որն այսօր պաշտպանության նախարար Սեյրան  Օհանյանի խորհրդականն է։

«Բայց չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ  նախարարությունը՝ ի դեմս նախարարի, գերագույն գլխավոր հրամանատարի, պատերազմական իրավիճակում թերանում են, ալարում կամ զլանում են։ էստեղ անձի խնդիրը չէ, երկրի գոյության խնդիրն է, մեր տարածքային ամբողջականության ու զինվորի կյանքի խնդիրն է»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է այս փուլում քննարկվող Արցախի անկախության ճանաչման հարցին, նա ասաց. «Ես կարծում եմ՝ Ղարաբաղը անկախ է եղել սկսած 90-ականներից, երբ ազատագրել ենք մեր հայրենական հողերը։ Էն ժամանակվանից անկախ է։ Տարբեր քաղաքական մոտեցումներ կան, եւ մենք ինքներս զգում ենք ու գիտենք, որ ԼՂՀ-ն  անկախ առանձին հանրապետություն է։ Ուրիշ խնդիր է, որ կգա ժամանակը, որ մենք դե յուրե էլ ունենանք։ Դե ֆակտո ունենք։ Մենք այսօր կանգնած ենք անկախության խնդրի առջեւ եւ մեր կյանքը չխնայելով՝ այդ խնդիրը լուծում ենք»։

Անդրադառնալով վերջերս ռազմական ղեկավարության առանցքային պաշտոնյաների՝ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին պաշտոնանկություններին, Արմեն Սարգսյանը նշեց. «Ես ի պաշտոնե պաշտպանության նախարարությունում եմ, եւ տեղյակ չեմ այդ կառույցների աշխատանքներից՝ հետախուզություն, կապ, դեպարտամենտ... այդ մարդկանց ճանաչում  եմ որպես աշխատանքային ընկերներ, իրենց գործունեությանը չեմ տիրապետում։ Ինչքանով ես տեղյակ եմ, հանցակազմ չեմ տեսնում մարդկանց կատարած աշխատանքի մեջ, էստեղ կան թերացումներ, բայց որ ասեմ՝ հանցակազմ կա ու պիտի դատապարտվեն, նստեն, չեմ կարող»։

Նշենք, որ այսօր Շուշիի ազատագրման օրն է։ Մայիսի 8-ը նշվում է նաեւ որպես Երկրապահի օրը։