«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով պետք է 18 տարին լրացած եւ զինապարտության ենթակա արական սեռի բոլոր քաղաքացիները զորակոչվեն, կազդի Հայաստանի կրթական համակարգի վրա: Այսօր՝ մայիսի 8-ին «Եռաբլուրում» NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր Ստեփան Սաֆարյանը:

«Հայրենիքի պաշտպանության համար առաջին հերթին պետք է մեր գիտությանն ու հոգու ուժին զարկ տանք, պետք է մեր գիտական ներուժն օգտագործենք: Իմ կարծիքով, եթե տարկետում չլինի եւ սովորող երեխան այդ երկու տարին բաց թողնի, մեծ կորուստ կլինի մեր գիտության ասպարեզում»,- նշեց նա:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ առաջարկությունն ընդունվելու պարագայում բարձրագույն կրթություն ստանալ, իսկ հետո գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես հավասար մեկնարկային հնարավորություն կապահովվի: