ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել արցախցի պաշտոնակից Արայիկ Հարությունյանի հետ, ինչից հետո կայացել է երկու կառավարությունների ընդլայնված կազմով խորհրդակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին, վարչապետին, կառավարության անդամներին եւ ամբողջ հայ ժողովրդին՝ Արցախի համար կարեւոր ժամանակահատվածում ԼՂՀ այցելելու, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին արցախցիների կողքին լինելու, տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար: ԼՂՀ վարչապետի խոսքով, չի եղել որեւէ հարց, որը Հայաստանի իշխանությունների կողմից անարձագանք է մնացել:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը կառավարությունը պատրաստ է գործնական հարթության վրա քննարկելու ոչ միայն ընթացիկ, այլեւ ապագային առնչվող հարցեր՝ ԼՂՀ կառավարությանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում բոլորը եւս մեկ անգամ համոզվեցին. Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնական են ու համախմբված:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Խորհրդակցության մասնակիցները կարեւորել են հայկական երկու պետությունների գերատեսչությունների միջեւ առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ: Եվս մեկ անգամ նշվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ Հայաստանի գործադիր իշխանության պատրաստակամության մասին: