Նոր հետազոտության տվյալներով, Ռուսաստանից, Չինաստանից ու այլ զարգացող տնտեսություններից օֆշորներով ավելի քան 13 տրլն դոլար է դուրս բերվել, հայտնում է The Guardian–ը :

Կոլոմբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Հենրիի կատարած ուսումնասիրության տվյալներով, զարգացող երկրներից, օրինակ Ռուսաստանից ու Չինաստանից կապիտալի հոսքի կտրուկ աճ է նկատվում:

2014-ի վերջին Ռուսաստանից մոտ 1. 3 տրլն դոլար օֆշորներում էր, նշում է հետազոտությունը : Նման տվյալներ են ստացվել Արժույթի միջազգային հիմնադրամի ու ՄԱԿ-ի նման համաշխարհային կարեւոր կառույցների տվյալների մշակման ու վերլուծության հիման վրա :

Ընդ որում Չինաստանի՝ այդ թվում Հոնկոնգի ու Մակաոյի քաղաքացիները օֆշորներում են պահում 1.2 տրլն դոլար: Նույն ձեւով են իրենց փողերը պահում նաեւ Մալայզիայի, Թաիլանդի ու Ինդոնեզիայի քաղաքացիները, այդ երկրներից յուրաքանչյուրում վերջերս մի քանի խոշոր կոռուպցիոն սկանդալներ են եղել:

Ընդ որում օֆշորների ստեղծման առանցքային աղբյուրներն են Նիգերիայի ու Անգոլայի նման նավթարդյունահանող երկրները, նաեւ Բրազիլիան ու Արգենտինան :

Պրոֆեսորը նշում է , որ օֆշորների տերերը այնքան են վախենում իրենց թաքցրած հարստության համար, որ հրաժարվում են այն ֆինանսական միջոցառումներից, որոնք կարող էին նպաստել ընդհանուր տնտեսական աճին : Օրինակ Հենրին նշում է, որ եթե այդ բոլոր օֆշորների նկատմամբ գործեր թեկուզ 1 տոկոսի հարկ, ապա տնտեսությունը դրա հաշվին կստանար տարեկան 120 մլրդ դոլար, ինչը գրեթե հավասար է այն գումարին, որը հատկացվում է միջազգային ֆինանսական աջակցության նպատակներով (131 մրդ դոլար):