ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պնդում է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի սպասարկմամբ իրեն պատկանող ընկերությունը չի զբաղվում:  Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրեն պատկանող ընկերության պարտականությունների մեջ չէր մտնում, բայց այս տարի օգնել են փոսալցումներ անել ամբողջ ճանապարհի երկայնքով:

«Ճանապարհի համար կան պատասխանատու կազմակերպություններ, բայց այս պատերազմական օրերին, երբ ձյունը նոր էր հալվել ու գարնանային աշխատանքները նոր պիտի սկսվեին, մեր կազմակերպությանը խնդրեցին աջակցելու ու ճանապարհը կարգի բերելու: Կարեւորելով ճանապարհի ռազմավարական նշանակությունը, մեր կազմակերպության ուժերով այդ հատվածում փոսալցումեր են կատարվել, ինչը բացարձակ չէր մտնում մեր պարտականությունների մեջ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: 

Լրագրողների հարցին՝ արդյոք պետությունը չի՞ ֆինանսավորել եւ ինքն իր գրպանի՞ց է գումար տրամադրել ճանապարհի վերականգնման համար, Նաղդալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ պետությունը չի վճարել, կարծում եմ՝ լսել եք կառավարության որոշումը, որ նախատեսում է, որ միջոցներ կծախսի»: 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ միշտ իր ընկերությունն է շահում ճանապարհաշինության տենդերները, Նաղդալյանը նշեց, որ իզուր է նման կարծիք ձեւավորվել. «Շատ իզուր եք կարծում, որ միշտ մեր կազմակերպությունն է շահում: Մեր երկրում լինում են շատ մրցույթներ, տասնյակ հիմնանորոգման աշխատանքներ միլիարդավոր դրամների արժողությամբ եւ մասնակցում են մեր երկրի բոլոր ճանապարհաշինական կազմակերպությունները: Մեր երկրում կան բավական հզորություն եւ տարիների փորձ ունեցող կազմակերպություններ, որոնք մասնակցում են այդ մրցույթներին եւ շահում են՝ այդ թվում նաեւ այն կազմակերպությունը, որը մեզ է պատկանում»,- ասաց նա:

Նաղդալյանը շեշտեց, որ այժմ ինքը չի զբաղվում այդ կազմակերպության աշխատանքներով, այն հանձնել է ինչ-որ մեկի կառավարմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակին անդրադարձել էր նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նշելով, թե ապրիլյան պատերազմի օրերին ճանապարհին փոսեր էին արվել, բայց դեռ չէին լցվել ասֆալտով, քանի որ ձյուն էր գալիս:

Հատկանշական է, որ Հայաստանյան ճանապարհներից բողոքում էին նաեւ Գագիկ Բեգլարյանի կուսակից ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քառօրյա պատերազմի օրերին առիթ են ունեցել մեկնել Արցախ եւ անցնել այդ անմխիթար ճանապահներով: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է. «Արցախից Երեւան ճանապարհվելիս` Գորիս-Վայք հատվածում ճանապարհը, մեղմ ասած, խայտառակ վիճակում է: Այդ ճանապարհով նաեւ մեր վիրավորներին են տեղափոխել Երեւան: Նման անգործությունը չպետք է հանդուրժել: Ես մեր հերոս տղերքի պատգամը նաեւ այդպես եմ հասկանում»:

Ընդ որում, հայաստանյան ճանապարհների վիճակը խայտառակ վիճակում է ոչ միայն նշված հատվածում: Մասնավորապես, NEWS.am-ի թղթակիցը, որն այցելել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղ, հանդիպելու զոհված զինծառայողների ընտանիքներին, ականատես է եղել ճանապարհների նույն անմխիթար վիճակին նաեւ այստեղ: