Հայաստանի ճանապարհները, որոնց մասին բազմիցս է գրվել, մեղմ ասած, աշխարհում լավագույնը չեն: Սակայն պարբերաբար լրատվամիջոցներում դրանց մասին հրապարակումները, դատելով արդյունքներից, համապատասխան պաշտոնյաներին քիչ են հուզում:

Հենց սկզբից նորմերի խախտմամբ արվող ասֆալտը, ինչպես եւ պետք է ակնկալել, ձյան տեղումներից հետո կապիտալ վերանորոգման կարիք է ունենում: «Գլխավոր» ճանապարհներին որոշակի նորոգման աշխատանքներ արվում են: Իսկ ահա ոչ հանրապետական նշանակության ճանապարհներն անուշադրության են մատնված պաշտոնյաների կողմից:

Ասված վառ օրինակը Դիլիջան-Վանաձոր ճանապարհն է: Ի դեպ, այս ճանապարհը կապում է Լոռու եւ Տավուշի մարզերը եւ կարեւոր նշանակություն ունի: Բայց այդ «ճանապարհով» անցնել կարելի է միայն մեծ զգուշություն ցուցաբերելով, քանի որ վիճակն այստեղ նույնիսկ վտանգավոր է: Որոշ փոսերի խորությունը մի քանի սանտիմետր է:

Դեռեւս մի քանի շաբաթ առաջ ճանապարհին բանվորներ հայտնվեցին, սկսեցին փոսերը պատրաստել՝ մասնակի ասֆալտապատում իրականացնելու համար: Անհասկանալի տրամաբանությամբ աշխատանքները կատարվում էին ոչ անմիջականորեն երթեւեկելի հատվածներում, թերեւս, մեքենաներին քիչ թե շատ հանգիստ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռելով: Սակայն ամբողջ երկայնքով ճանապարհը «փորեցին» ու այդպես էլ թողեցին: Ասֆալտապատման աշխատանքները դեռեւս չեն սկսվել:

Իհարկե, ամեն ինչ կարելի է «վերագրել» լարվածությանը, բյուջեի բացակայությանը եւ այլն: Բայց մեկ բան հստակ է. չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրում ռազմավարական նշանակության օբյեկտներն իրավունք չունեն այդպիսի ողբալի վիճակում լինել: