Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է ռեաբիլիտացիայի հակաարմատական կենտրոններ ստեղծել Ֆրանսիայի յուրաքանչյուր ռեգիոնում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ֆրանս Փրես» գործակալությունը հայտնում է, որ Ֆրանսիայի իշխանությունները ծրագրում են այդ կենտրոնները շահագործման հանձնել մինչեւ 2017-ի վերջը: Ակնկալվում է, որ նման կենտրոններում օգնություն կտրամադրեն այն երիտասարդներին, որոնք կապեր ունեն ջիհադականների հետ կամ հակված են անդամագրվել նրանց շարքերը:

Գործակալությունը նշում է, որ սա Ֆրանսիայի իշխանությունների՝ ահաբեկչության ու արմատական իսլամիզմի դեմ պայքարին ուղղված նորացված ու համալրված ծրագիրն է, որն ընդունվել է 2015-ի հունվարին ու նոյեմբերին կատարված ահաբեկչություններից հետո: Նոր ծրագրին լրացուցիչ 40 մլն եվրո էր հատկացվել:

2015-ի հունվարի 7-ին Փարիզում հարձակում էր իրականացվել Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա: Երկու չարագործներ մտել էին խմբագրություն ու կրակ բացել այնտեղ գտնվողների վրա: Ավելի ուշ մի շարք հարձակումներ էլ էին եղել, երեք օրում 17 մարդ էր զոհվել: 2015-ի նոյեմբերի 13-ին ահաբեկիչների երեք համակարգված խմբեր մի շարք հարձակումներ են իրականացրել Փարիզում ու Սեն Դենի արվարձանում: ահաբեկչության ընդհանուր զոհերի թիվը հասել է 130-ի, ավելի քան 350-ն էլ վիրավորում է ստացել: