Ընթացիկ տարվա սկզբին Հայաստանում բնակարանային շուկայում դրական տեղաշարժ է գրանցվել՝ բնակարանների մասով: Այսպես. հունվար-մարտին 92 բնակարանով (3.9%) ավելի է վաճառվել, քան մեկ տարի առաջ: Ընդ որում, մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվն ավելացել է՝  125 միավորով կամ 8.4%-ով, իսկ ահա մարզերում կրճատվել է՝ 33 միավորով կամ 3.8%-ով: Իսկ առանձնատների մասով երկրում աննշան կրճատում է եղել՝ 17 միավորով կամ 1.8%-ով:

Հայտնի է, որ երկար տարիներ Հայաստանում բնակարանային շուկան (այդ թվում՝ մայրաքաղաքում) լճացած է: Իսկ ի՞նչն է նպաստել մայրաքաղաքում բնակարաննեի վաճառքի աճին:

Մայրաքաղաքի անշարժ գույքի գործակալներից մեկի խոսքով, բնակարանների առքուվաճառքի գործարքների թվի աճը կարելի է կապել մի շարք պետական ծրագրերի հետ: Մասնավորապես, պետությունը սուբսիդավորում է հիփոթեքային վարկի մի մասը, հիփոթեքի նախնական 30%-ի վճարման երաշխիքներ տրամադրում եւ այլն:

Բայց այդ ծրագրերը տարածվում են գնորդների միայն առանձին խմբերի վրա (օրինակ՝ երիտասարդ ընտանիքներ, պետական ծառայողներ): Բացի այդ, բնակարաններն ընտրվում են մայրաքաղաքի ծայրամասերում, քանի որ քաղաքի կենտրոնում անշարժ գույքը շատ թանկ է: Կառավարության այս նախաձեռնությունները, գնորդների նշված խմբերին աջակցելուց բացի, նաեւ խթանում են Երեւանում նոր բազմաբնակարան շենքերի շինարարությունը:

Ինչ վերաբերում է բնակարան գնելու ցանկություն ունեցող քաղաքացիների մյուս խմբերին. այս դեպքում, ըստ ոլորտի ներկայացուցչի, ամեն ինչ անորոշ է: Բազմաթիվ պոտենցիալ գնորդներ (հատկապես մայրաքաղաքի կենտրոնում բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցողները) նախընտրում են առայժմ սպասել: Որոշակի գործոններ նրանց բնակարանների հետագա էժանացման հույս են տալիս:

Անշարժ գույքի շուկայի վրա ազդող գործոններից մեկն արտահոսքն է: Ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 12.3 հազարով (կամ 0.4%-ով): Նկատենք, որ այս կրճատումը տեղի է ունեցել բնակչության բնական աճի ֆոնին, ինչը մասամբ փոխհատուցել է բնակչության արտահոսքը:

Արտագաղթի ծավալների մասին է վկայում նաեւ սովորողների թվի փոփոխությունը: Այսպես. 2015/2016 ուսումնական տարում այլ երկրներ դպրոցականների արտահոսքը (բնականաբար՝ ընտանիքների հետ) զգալիորեն գերազանցել է այլ երկրների դպրոցական տարիքի երեխաների ներհոսքին. գրեթե 6.6 հազար՝ 2.4 հազարի դիմաց:

Սմբատ Գրիգորյան