Վլադիմիր Լենինի մարմնի պահմանման ծախսերի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության ֆոնին   The Guardian-ը պատմել է պրոլետարիատի համաշխարհային առաջնորդի նկատմամբ գրեթե մեկդարյա փորձարկման մասին:  

Ապակե սարկոֆագում սեւ խիստ կոստյումով պառկած Լենինի մարմինն առաջին հայացքից կարող է մուլյաժ թվալ: Սակայն դա 92 տարի առաջ մահացած մարդու պահպանված մարմինն է: Գիտնականները կարծում են, որ մանրամասն վերահսկողության դեպքում նա այս վիճակում կարող է մնալ բազմաթիվ դարեր, չնայած դա խոշոր գումար կարժենա: 

Պարբերականը գրում է, որ երբ 1924-ի հունվարին Լենինը մահացել է, ոչ ոք չէր նախատեսել երկար պահպանել նրա մարմինը: Սակայն ԽՍՀՄ-ի տարբեր ծայրերից իրենց առաջնորդին հարգանքի տուրք մատուցելու եկող մարդկանց ամբոխները խորհրդային պաշտոնյաներին ստիպել են փոխել որոշումը: 

Մարմնի պահպանման վերաբերյալ առաջին գաղափարները կապված էին ոչ թե զմռսման, այլ խորը սառեցման հետ: Այդ նպատակով Գերմանիայից սառնախցիկ գնելու պատվեր էր ձեւակերպվել, սակայն քիմիկոսներ Վլադիմիր Վորոբյովին եւ Բորիս Զբարսկուն հաջողվել է մարմինը զմռսել հատուկ քիմիական խառնուրդի օգնությամբ, որը թույլ չի տալիս, որ դին քայքայվի եւ չորանա:   

Խորհրդային ժամանակներում իր գործունեության գագաթնակետին Լենինի մարմնի պահպանման լաբորատորիան մոտ 200 մասնագետ էր ընդգրկում, գրում է թերթը: Հաջողությունն այնքան հսկայական էր, որ գիտնականների ծառայությունից օգտվեցին Վիետնամը, Բուլղարիան, Հյուսիսային Կորեան, որոնք եւս զմռսեցին իրենց առաջնորդներին: 

Լաբորատորիայի աշխատակիցներից որեւէ մեկից հարցազրույց վերցնելու փորձերը չեն հաջողվել, գրում է թերթը: Մարդաբան Ալեքսեյ Յուրչակը, որին ավելի վաղ հաջողվել էր մեկնաբանություններ ստանալ, ասում է, որ նման գաղտնիությունը ոչ միշտ է եղել: Այսպես,  1990-ներին գիտնականները հաճախ հարցազրույց էին տալիս այդ թեմայով, իսկ ռուսաստանյան մի հեռուստաալիք նույնիսկ փաստագրական ֆիլմ էր նկարել: Այնուամենայնիվ, լաբորատորիայի նոր ղեկավարությունը չի ուզում, որ լրագրողները    «իր աշխատանքը կատակի տան»:

Յուրչակը կարծում է, որ դամբարանի ապագան հարցականի տակ է: Գիտնականները ծերանում են եւ չկան երիտասարդ հետազոտողներ, որոնք պատրաստ լինեն փոխարինել նրանց, որովհետեւ  «դա այլեւս պատվաբեր չի համարվում»: Գոյություն ունի մեկ ակնհայտ լուծում, սակայն ԽՍՀՄ-ի խորհրդանիշին թաղելու գաղափարը ժողովրդական չէ, որովհետեւ դա կնշանակի, որ 92-ամյա աննախադեպ փորձարկումն ավարտին է մոտեցել, հայտնում է Gazeta-ն: