Խնդիրը գնահատականների մեջ չէ, այլ հնարավոր է, որ լինեն միջանձնային կամ այլ տեսակի տհաճ զարգացումներ եւ բաներ, որոնք մեր սրտով չեն լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում անդրադառնալով Ախալցխայում ապրիլի 24-ին ընդառաջ տեղի ունեցած կրակավառությանը հաջորդած իրադարձություններին՝ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական խորհրդարանական խմբի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Մենք պետք է կարողանանք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա տանենք եւ թույլ չտանք, որ որեւէ խոչընդոտ, կամ որեւէ նեգատիվ երեւույթ, կամ տհաճություններ ստվեր գցեն այդ հարաբերությունների վրա»,-ասել է նա:

Նաղդալյանը չհամաձայնեց տեսակետի հետ, թե Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի վարդանյանը կամ դեսպանատունը որեւէ գործողություն այդ իմաստով չեն ձեռնարկել: «Կարծեմ, դեսպանն այցելել է եւ տեղեկություններ ունի: Այնուամենայնիվ, այս շատ ծանր ու տհաճ միջադեպը չի կարող եւ չպիտի ստվեր գցի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հարաբերությունների վրա: Մենք, բնականաբար, ունենք բավականին ակտիվ հարաբերություններ խորհրդարանական մեր գործընկերների հետ, մոտ ժամանակներս սպասում ենք Վրաստանի խորհրդարանի Վրաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը: Անպայման նրանց հետ կքննարկենք այս խնդիրը»,-ասել է նա:

Հարցին, թե իր կարծիքով, մեղավորները կպատժվե՞ն, ԱԺ փոխնախագահն արձագանքել է. «Վրաստանի խորհրդարանի մեր կոլեգաները կդժվարանան դերակատարություն ստանձնել, որը դրա համար հատուկ կոչված մարմինների դերակատարությունն է: Նրանց հետ զրույցի ընթացքում կառաջարկենք այդ հարցը բարձրացնել իրենց պատկան մարմինների մոտ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխեւ եւ Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու եւ այսպիսով  հարգելու  Հայոց cեղասպանության զոհերի  հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարեւան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել եւ գտնվում էին ոչ սթափ վիճակում:

Հաջորդ առավոտյան Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները այցելել են հայ երիտասարդների տներ, վախեցրել նրանց, ծեծի ու ազգային պատկանելությանը վերաբերող անարգանք հնչեցրել: Վրաստանում ՀՀ դեսպան, հայտնի մարզիկ Յուրի Վարդանյանը, թեեւ խոստացել, սակայն այդպես էլ չի մեկնել Ջավախք՝ տեղում պարզելու հանգամանքները: