Սիրիայում ռազմական գործողության ընթացքում ցուցադրվեց ռուսական զենքի արդյունավետությունը եւ որակը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` զորահրամանատարների եւ ՊԱՀ-ի ղեկավարների հետ խորհրդակցությանը:
«Գործողության սկզբից ի վեր Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում միջազգային ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ ՌՕՈՒ-ի ավիացիան ավելի քան 10 հազար մարտական թռիչք է իրականացրել, հարված է հասցվել ավելի քան 30 հազար թիրախի, այդ թվում` նավթի եւ նավթահումքի արդյունահանման մոտ 200 օբյեկտի», - ասել է Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ նշել է, որ գրոհայինների դեմ պայքարում «արմատական շրջադարձի հնարավոր եղավ հասնել ՌՕՈՒ-ի համադրված աշխատանքի շնորհիվ»: «Հեռակա ռմբակոծման ավիացիայի ինքնաթիռները 178 մարտական թռիչք են իրականացրել, ահաբեկչական ԻԼԻՊ եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» կազմակերպություններին օդից եւ ծովից հարվածները ճշգրիտ էին եւ արդյունավետ,-ընդգծել է ՌԴ նախագահը: Հենց դա էլ հնարավորություն տվեց ահաբեկիչների դեմ պայքարում արմատական շրջադարձի հասնել»:
Պուտինը պատմել է, որ գործողության ընթացքում վերջրյա նավերից, ինչպես նաեւ ռազմավարական ավիացիայի եւ ռազմավարական հրթիռակիրներից օդային եւ ծովային տեղակայման թեւավոր հրթիռների 115 արձակում է կատարվել:
«Մենք հասկանում ենք, որ իրավիճակն այնտեղ բարդ է եւ սիրիական բանակը դեռ շատ բան պիտի անի, բայց ամենակարեւորը երկրի ներսում քաղաքական կարգավորման համար պայմանների ստեղծումն է», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ նման կարգավորման մեխանիզմը, որը մշակվել է Ռուսաստանի գործընկերների, այդ թվում` ամերիկյան կողմի հետ, Սիրիայում կառուցողական եւ արմատական փոփոխությունների կհանգեցնի:
Պուտինը նաեւ նշել է սիրիական բանակի դերը երկրում ահաբեկչության դեմ պայքարում: Պուտինի խոսքով, ընդհանուր առմամբ ռուսական ՌՕՈՒ-ի աջակցությամբ սիրիական զորքը ահաբեկիչներից ազատագրել է ավելի քան 500 բնակավայր, այդ թվում` «համաշխարհային մշակույթի եւ քաղաքակրթության մարգարիտը` Պալմիրան»:




























