Արցախի անկախության ճանաչման հարցում Հայաստանի նկատմամբ արտաքին որեւէ ճնշում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե Արցախի ճանաչումը Հայաստանի իշխանության օրակարգից դուրս է եկել Ռուսաստանի ճնշման ներքո:

«Արցախի ճանաչման հարցի  վրա  որեւէ ուժի ճնշում գոյություն չունի, հայտարարվել է, որ Արցախի անկախության ճանաչման խնդիրը կդրվի այն պարագայում, եթե Ադրբեջանը նորից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ»,-ասաց պատգամավորը:

 Ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների պնդումներին, որ Արցախի անկախության  ճանաչման ճիշտ պահն է, Գագիկ Մելիքյանն ասաց. «Այդ քաղաքական գործիչները իրենց ունեցած ինֆորմացիայի հիման վրա են տրամաբանական  կամ ոչ տրամաբանական եզրակացություն անում: Մենք էլ ասում ենք` ելնելով մեր ունեցած ինֆորմացիայի ու քննարկումների շրջանակից, արտաքին ու ներքին ազդակներից:  Կառավարության եզրակացության մեջ էլ հստակ այս միտքն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ իրավիճակային փոփոխություններից ելնելով ճանաչման խնդիրը կդրվի: Իրավիճակային փոփոխությունների, ռազմական գործողությունների մասին է խոսքը, ինչպես նաեւ արտաքին ազդակների»:

 Հարցին` եթե այս փուլում Հայաստանը ճանաչի Արցախը, ինչ տեղի կունենա դրանից հետո, պատգամավորը պատասխանեց` Հայաստանը բանակցությունների, ոչ թե պատերազմի  կողմնակից է:  

«Մենք հստակեցրել ենք` կողմնակից ենք խաղաղության, բանակցային գործընթացների, որոնք վերսկսելու համար հայտարարել ենք երեք նախապայմանները, որոնց կհաջորդեն նաեւ հետագա առաջարկությունները, թե ինչը պետք է առաջնահերթությամբ դրվի բանակցային գործընթացի հիմքում: Առաջնահերթը նշվել է` Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է Ադրբեջանի կողմից, որին պետք է հետեւի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը»:

Իշխանության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու աշխատանքները ընթացքի մեջ են: