ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ պարտքս համարեցի անդրադարձ կատարել նաեւ այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ժամանակին, երբ որ զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք մատների արանքով նայեն, ապա գուցե տարածաշրջանում կլինեն տարբեր էսկալացիաներ եւ ավանտյուրաներ: Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատինի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Պարտքս համարեցի անդրադարձ կատարել նաեւ այն խնդրին, որ ԵԽԽՎ-ում ժամանակին, երբ որ զգուշացնում էինք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին իրենք մատների արանքով նայեն, ապա գուցե տարածաշրջանում կլինեն տարբեր էսկալացիաներ եւ ավանտյուրաներ: Հույս հայտնեցի, որ այլեւս այդպես մատների արանքով կամ ուղղակի հավասարության նշանի իմաստով չեն անդրադառնա արցախյան խնդրին»,- նշել է  Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ համազեկուցողները նշել են, որ ապագայում կփորձեն մի քիչ ավելի տարբերակված մոտեցում ցուցաբերել Արցախի խնդրին:

«Ասացին, որ ապագայում կփորձեն մի քիչ ավելի տարբերակված Արցախի հարցին վերաբերվել, որ ավելի հասցեական կլինի»,-ասաց նա՝ նկատելով, որ դա մեկ մարդու խոսք է ներկայացնում:

Պատգամավորը ներկայացրել է նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր՝ նշելով, որ խոստացել են  իր ներկայացրած դիտարկումները քննարկել բարձր ատյաններում. «Խոստացան, որ այս բոլոր մոտեցումները, որոնք միշտ ներկայացվել են՝ ցուցակների հրապարակումը,  նույնականացման քարտերով քվեարկությունը, վստահված անձանց եւ դիտորդների հանդեպ ավելի ազատ ընկալումը, որ ընտրությունները միայն ընտրությունների օրը չեն, այլ նաեւ նախորդող ժամանակահատվածն է, դրանից հետո վերահաշվարկի խնդիրներն են: Այն բոլոր խնդիրները, որ ներկայացվեց, խոստացան քննարկել բարձր ատյաններում եւ կփորձեն ներկայացնել»:

Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացի հետ կապված կարեւորվել է արդյունքը: Թեւան Պողոսյանի նշեց, որ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, բրիտանացի Ալան Միլը ներկայացրել է, որ Անգլիայում ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակվում են ընտրություններից հետո. «Եթե այնպիսի երկրում, ինչպիսին Անգլիան է, կարելի է հրապարակել եւ դա չի համարվում մարդու իրավունքների հանդեպ որեւէ խախտում, ի՞նչ է եղել մեզ, որ անպայման ուզում ենք 18 քայլի մեջ հնարավորություն ընձեռենք, որ հասկանանք թիվը ո՞րն է, անունը ո՞րն է, ճի՞շտ է, թե՞ ոչ: Կարելի է պարզ լուծումներ կիրառել»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Հանձնաժողովի ներկայացուցիչներն ասել են նաեւ, որ շատ լավ կլինի, որ բոլորի կողմից ընդունվի օրենսգիրքը:

Այցի արդյունքով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները զեկույց եւ առաջարկների փաթեթ են կազմելու:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատինն հանդիպումների շարք են ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Համազեկուցողները Հայաստան են ժամանել դիտարկելու Սահմանադրական փոփոխություններից հետո «Ընտրական օրենսգրքի» մշակման եւ ընդունման գործընթացը: Նրանք դիտարկելու են սահմանադրական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Համազեկուցողներն այդ նպատակով այսօր հանդիպելու են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է՝ 98 կողմ, 9 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է հաջորդ քառօրյային (մայիսի 16-19):