Հակամարտությունների եւ բռնությունների հետեւանքով տեղահանված մարդկանց թիվն աշխարհում 2015-ին հասել է 40.8 միլիոնի։ Այս մասին ասված է Փախստականների հարցերով նորվեգական կենտրոնի զեկույցում։ Սա հաշվարկների պատմության մեջ ռեկորդային մեծ ցուցանիշ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նորվեգական հումանիտար կազմակերպության տեղեկություններով՝ 2015-ին աշխարհի 28 պետություններում իրենց տները ստիպված է եղել լքել ընդհանուր առմամբ 8.6 մլն մարդ, որոնցից կեսը Իրաքում, Սիրիայում եւ Եմենում։ Նրանց հաջորդում է Ուկրաինան, որտեղ 2015-ին տեղահանվել է 942 հազար մարդ։

19.2 մլն մարդ անցյալ տարի լքել են իրենց տները բնական աղետների պատճառով։ Երկրաշարժերը, ջրհեղեղները, փոթորիկները եւ այլ աղետները ազդել են 113 երկրների վրա։ Հատկապես շատ են տեղահանվածները Հնդկաստանում, Չինաստանում, Նեպալում, Ֆիլիպիններում, Մյանմարում եւ Չիլիում։ Հակամարտությունների եւ տարերային աղետների հետեւանքով տեղահանված մարդկանց ընդհանուր թիվը հաշվել չի հաջողվել։

Փաստաթղթում ասվում է, որ Մերձավոր Արեւելքի երկրներից փախստականների եւ տարածաշրջանում ներքին տեղահանությունների ենթարկված անձանց թիվն աճում է 2010-ից հետո, երբ արձանագրվել էին «արաբական գարնան» առաջին դեպքերը։