ԵԽԽՎ համազեկուցողները խոստացան Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց զեկույցում շեշտը դնել կոնսենսուսի վրա: Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի հետ հանդիպումից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«ԵԽԽՎ մոնիտորինգի խմբին  հետաքրքրում էր սահմանադրական փոփոխություններից հետո  ստեղծված իրավիճակը, զարգացումները, մասնավորապես Ընտրական օրենսգրքի շուրջ ձեւավորվող քաղաքական գործընթացը»:

Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է հանրաքվեի ժամանակ ի հայտ եկած ընտրակեղծարարության ողջ մեխանիզմը եւ դրա դեմ պայքարելու համար այնպիսի Ընտրական օրենսգրքի անհրաժեշտությունը, որը կընդունվի կոնսեսուսի արդյունքում:

«Գնահատականներ տվեցի սահմանադրական հանրաքվեին՝ որպես կեղծված հանրաքվեի,  որը բազմիցս ներկայացրել եմ նաեւ մեր հանրությանը: Հետո խոսեցինք դրա մասին, որ կեղծված հանրաքվեն լավ արդյունք տվեց այն առումով, որ ամբողջ միջազգային եւ մեր հանրության համար բացահայտեց ընտրակեղծարարության իրողությունը, ինչպես նաեւ ծավալը: Պարզ դարձավ, որ մոտ 500-600 հազար ձայն կեղծվում է Հայաստանում, ինչը նշանակում է, որ ընտրությունները Հայաստանում որեւէ իմաստ չունեն: Բացատրեցի,որ այս ամենը խարխլել են Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ հավատը եւ այսօր ամենակարեւոր խնդիրը, որ բոլորս պետք լուծենք, այն է, որ ՀՀ քաղաքացիներին վերադարձնենք հավատը  արդար ազատ ընտրությունների նկատմամբ, ինչի համար ամենաառանցքային խնդիրը, որը կարող  ենք լուծել Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսեսուսի ձեւավորումն է»:

Ընդդիմադիր գործիչը ներկայացրել է նաեւ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքը: «Խոսեցինք նաեւ 4+4+4 ֆորմատի մասին, թե ուր ենք հասել, խոսեցինք, որ այնուամենայնիվ ամենակարեւոր խնդիրը կոնսեսուսն է: Առաջարկեցի համազեկուցողներին, որ իրենք կենտրոնանան այդ գործի վրա»,- ասել է նա:

Հարցին, թե կոնսենսուսի հեռանկար տեսնում է, Զուրաբյանը պատասխանեց.  «Ես առաջին եմ, որ անընդհատ դրա մասին խոսում եմ: Կարծում եք՝ այնքան էներգիա կարո՞ղ եմ ծախսել մի գործի վրա, որը  հեռանկար չունի, սա չընկալեք որպես երաշխիք, որ ես 100 տոկոսանոց վստահություն ունեմ, որ կիրագործվի: Բարդ գործերի պրոբլեմը հենց դա է, որ կարող է տապալվել:  Վերցնելով պատասխանատվություն՝ այդ գործը պետք է առաջ տանենք, անգամ եթե դժվարությունները շատ-շատ են: Իսկ դժվարությունները շատ են, քանի որ իշխանությունների համար ամեն զիջումը նշանակում է ամենաքիչը 50 հազար կեղծված ձայն: Բայց մենք պետք փորձենք հասնել կոնսենսուսի»: