Քաղաքապետարանը նախատեսել է քաղաքային աղբանոցում աղբի վերամշակման գործարանի համար ներդրումների մրցույթ հայտարարել: Այդ մասին մայիսի 11-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ներկայացնելով Երեւանում գործող Նուբարաշենի աղբանոցի հարեւանությամբ նոր աղբանոցի շինարարության վերաբերյալ ֆինանսական համաձայնագիրը: 

Միջոցները հատկացվել են միայն շինարարության համար, սակայն քաղաքապետարանը ցանկանում է նոր բաղադրիչներ մտցնել` բիոգազից էլեկտրաէներգիայի արտադրություն եւ աղբի վերամշակման գործարանի կառուցում: 

Աղբանոցը կկառուցի մրցույթով ընտրված ընկերությունը:  Նա էլ կկառավարի այն: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորումները, որոնք  կնախապատրաստի քաղաքապետարանը, օպերատորին կօգնեն լրացուցիչ եկամուտ ստանալ եւ կմեծացնեն նախագծի գրավչությունը: 

«Նախատեսել ենք վերամշակման գործարանի շինարարության մրցույթ հայտարարել: Մեզ համար դա կարեւոր առաջնահերթություն է: Մենք անցկացրել ենք անհրաժեշտ հետազոտությունները  եւ կարող ենք երաշխավորել, որ գործարանն անվտանգ կլինի շրջակա միջավայրի համար», - հավելել է Արեյանը: