Հայաստանի ԿԳ նախարարությունն արձագանքել է NEWS.am-ի «Եզդի ուսուցիչները ստանում են 35 հազար դրամ աշխատավարձ» հրապարակմանը՝ նշելով, որ ԿԳՆ-ի  կողմից ձեռնարկվել են մի շարք քայլեր` ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների դպրոցներում ազգային փոքրամասնության «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայի դասավանդման ուղղությամբ:

Խմբագրությանն ուղղված պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ազգային փոքրամասնության «Մայրենի լեզու եւ գրականություն» առարկայի գնահատականը լրացուցիչ ներառվելու է հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում, որի մասին համապատասխան դպրոցների տնօրենները կտեղեկացվեն:

Նախատեսված է, որ 2016-2017 ուսումնական տարվանից ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտն ունենալու է  ազգությամբ եզդի աշխատողի հաստիք:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Կրթության ազգային ինստիտուտը պատրաստ է կազմակերպել «Եզդիերեն լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացի իրականացման համար Հասան Մախմուդի Թամոյանին առաջարկվել է ներկայացնել 30 ժամանոց դասընթացի ծրագիր, բովանդակային նյութերի փաթեթը /մոդուլը/ եւ ժամանակացույցը: Դասընթացը կարող է կազմակերպվել առավելագույնը 2 խմբով՝  ՀՀ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում: Դասաժամերի իրականացման համար ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ն պատրաստ է վճարել:

Հարկ ենք համարում նաեւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ուսուցիչները վճարվում են /անկախ ազգությունից եւ դասավանդվող առարկայից/ ըստ դասաժամերի ծանրաբեռնվածության»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սինջար եզդիների ազգային միավորման» փոխանցմամբ, Հայաստանի երկու տասնյակից ավել դպրոցներում այսօր դասավանդվում է եզդիերեն լեզու, որն իրականացվում է պետական ծրագրի շրջանակում: Դպրոցներում դասավանդող ուսուցիչները հիմնականում եզդիերեն լեզվի ուսուցչի մասնագիտացում չեն ստացել: Կա վերապատրաստման խնդիր, սակայն ամենակարեւոր խնդիրներից շարունակում է մնալ եզդի ուսուցչի ցածր աշխատավարձը, որի հետեւանքով շատերը չեն ցանկանում դասավանդել: Դպրոցների մեծ մասում եզդիերենի ուսուցչի աշխատավարձը չի գերազանցում 35 հազար դրամը, այն դեպքում, երբ դասավանդում են ամեն աշխատանքային օր, այսինքն այլ աշխատանքով զբաղվելու հնարավորություն չունեն: