Լեհ լրագրողները նախատեսել են դատախազությանը դիմել կառավարության նախկին կազմի աշխատանքի ընթացքում հատուկ ծառայությունների կողմից ԶԼՄ-ների 52 աշխատակցի  լրտեսման տեղեկության հրապարակման հետ կապված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Ներկայիս կառավարությունում հատուկ ծառայությունների աշխատանքը  համակարգող նախարար Մարիուշ Կամինսկին Սեյմում ելույթի ընթացքում հայտնել է, որ լրագրողներին հետեւել է Լեհաստանի Ներքին անվտանգության գործակալությունը (ABW): Գաղտնալսվել են լրագրողների հեռախոսահամարները, պարզվել են նրանց հասցեները, տեղեկություններ են հավաքվել ընտանեկան դրության մասին: Բացի այդ, մի խումբ լրագրողների նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվել, անմիջական հսկողություն է իրականացվել այն շփումների նկատմամբ, որոնց նրանք մասնակցել են, լուսանկարում է իրականացվել: 

Լեհաստանի վարչապետի քարտուղարությունը հրապարակել է այն լրագրողների ցուցակը, որոնց նկատմամբ նախորդ կառավարության օրոք լրտեսում է իրականացվել Անվտանգության ազգային գործակալության եւ Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի կողմից:   ABW-ի ցուցակում բացակայում է 10 լրագրողի անուն եւ ընդգծվում է, որ նրանք գտնվում են Գործակալության օպերատիվ հետաքրքրությունների ոլորտում`  «կապված Լեհաստանի Հանրապետության տարածքում լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ կասկածվող օտարերկրյա լրագրողի հետ շփումների հետ»:

«Առաջին քայլը կլինի դատախազությանը իրազեկում ներկայացնելը ABW-ի կողմից հանցագործության կատարման հնարավորության մասին այն պաշտոնական տեղեկության հիման վրա, որը Սեյմին է ներկայացրել հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարը: Կդիմենք նաեւ ABW –ին, որպեսզի բացահայտվի տեղեկությունը, թե ով եւ ինչպես է հսկողության տակ գտնվել», — հայտնել է ցուցակում նշվածներից մեկը` Իգոր Յանկեն  Salon24 լրատվական կայքի իր բլոգում:

Կամինսկին հայտնել է, որ հատուկ ծառայությունների վերահսկողության տակ է գտնվել   Salon24 պորտալի մի քանի բլոգեր:  «Իրենց կարծիքը հայտնող մարդկանց հետապնդումը ժողովրդավարական պետության հիմքերի խախտում է: Մենք չենք կարող դա հենց այնպես թողնել:  Salon24-ի բլոգերները, հաճախ անանուն, իրենց կարծիքն են հայտնել, վստահ լինելով, որ ազատ երկրում իրենք կարող են չհայտնել իրենց անունը, եթե այդպես են ուզում», — ընդգծել է Յանկեն: