Այն քաղաքական գործիչները, որոնք նշում էին, որ Սերժ Սարգսյանի առաջակությունները եւ գնահատականների կոշտացումը կարող է հանգեցնել Մինսկի խմբի համանախագահների եւ հայկական կողմերի կարծիքի տարանջատմանը, սխալվեցին: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ասել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագհների այսօր տարածած հայտարարությանը:
«Համանախագահների Հայտարարության բառապաշարը, այնտեղ առկա գաղափարները համահունչ են Հայաստանի նախագահի ապրիլյան թեզիսներին՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնտեղ հստակ նշված էր վստահության մեխանիզմների ամրապնդման մասին, զինադադարի պահպանման անխուսափելիության մասին: Այն թեզիսները, այն երեք առաջարկությունները, որոնք Հանրապետության նախագահը խոսել էր ապրիլյան քառօրյա պատերազմի շրջանում, տեղ էին գտել համանախագահների հայտարարության մեջ: Համանախգահների հայտարարությունը կա, նրանք ցանկություն ունեն, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդիպեն: Հայաստանի նախագահի պաշտոնական դիրքորոշումն այդ հանդիպման վերաբերյալ կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման համար Սերժ Սարգսյանը անհրաժեշտ է համարել երեք կարեւոր քայլ. առաջինը՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդը՝ հասցեական հայտարարություններ եւ երրորդը՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ:





























