Եթե ընտրական ցուցակները էլեկտրոնային են, եւ մարդը  քվեարկության համար պետք է իր փաստաթուղթը ներմուծի սարքավորման մեջ, փաստաթուղթը ավտոմատ պետք է կարդա համարը եւ համադրի իր ցուցակում առկա համարի հետ, պարզի՝ այդ մարդը մասնակցել է քվեարկությանը, թե ոչ, արդեն բավարար երաշխիք է, որպեսզի ընտրությունների որակը բարձրանա։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ընտրական օրենսգրքի համահեղինակ Դավիթ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովը ի մի բերեց  նախագծի առաջինից երկրորդ ընթերցման փոփոխությունները՝ ընդգրկելով  առաջիկա քառօրյա նիստի օրակարգում։

Դավիթ Հարությունյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  դիտարկումներն ու առաջարկությունների հիմնական մասը տեղ է գտել նախագծում. «Հիմնական մասը տեղ է գտել, կան առաջարկություններ, որոնց մենք չենք համաձայնել, օրինակ, մեր ընտրական օրենսգրքում ամրագրված է, որ վերահաշվարկը չի կարող 4 ժամից ավելի տեւել, իսկ հանձնաժողովը առաջարկում է՝ այդ ժամանակահատվածը երկարաձգել»։

Ինչ վերաբերում է քվեարկված ցուցակների  հետ կապված անճշտությունները ստուգելու համար նախատեսված ժամանակահատվածին, որն ընդամենը 20 րոպե է, Դավիթ Հարությունյանն ասաց. «Ես կարծում եմ, որ պետք չէ արհեստական  խոչընդոտներ ստեղծել, եթե դուք ունեք ընտրական ցուցակ, որտեղ այն ընտրողների համարներն են, որոնք մասնակցել են քվեարկությանը, ամենամեծ թիվը այդ ցուցակի 2 հազարն է, եւ ունեք մայր ցուցակը, որի հետ պետք է համադրություն անեք, դա չի նշանակում, որ առաջինից մինչեւ վերջ բոլոր թվերը պիտի կարդաք, նշանակում է՝ ունեք 20 րոպե ցանկացած հատվածը վերցնելու եւ այդ հատվածը  համադրելու ցուցակի հետ, այսինքն՝ 20 րոպեն լիուլի բավական է։ Թող մեկն ու մեկը բացատրի՝ ինչ է պատրաստվում անել, որ 20 րոպեն բավարար չէ»,-նշել է Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության եւ ընդդիմության  կոնսենսուսին, ասաց. «Մենք ունենք երկու խնդիր, առաջին խնդիրը, որ հունիսի 1-ին ուժի մեջ մտնի Ընտրական օրենսգիրքը, բայց դա չի նշանակում, որ կոնսենսուսի վերաբերյալ հարցն իսպառ փակվում է այս փուլում, մենք կարող ենք անգամ հունիսի 1-ից  հետո կոնսենսուսի գալ եւ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում»։

Հարցին՝ հնարավո՞ր է կոնսենսուս լինի քվեարկված ցուցակների հրապարակման  կամ ուռճացված ցուցակները մաքրելու առաջարկություններն ընդունելու դեպքում, Հարությունյանը պատասխանեց․ «Ցուցակները հրապարակելը՝ ոչ, որովհետեւ մենք համարում ենք՝ պահանջները չպիտի լինեն արհեստական։ Իսկ մյուսը, մենք չենք համարում, որ ցուցակները մաքրելը շատ արդյունավետ գործիք է, բայց ասում ենք՝ եթե կամենում եք, խնդրեմ, կգնանք դրան, բայց բյուջետային ծախսեր չենք անելու, որովհետեւ համարում ենք՝ անարդյունավետ ծախս։  Տեսախցիկները մենք համարում ենք շատ կարեւոր՝ բազմաթիվ  հնարավոր խախտումները կանխող գործիք, բայց դա չենք համարում  արդյունավետ։ Ասում ենք՝ եթե որեւէ դոնոր կազմակերպություն գումար տա, թող լինի:  Եթե կոնսենսուսը հնարավոր է, պատրաստ ենք նաեւ դա էլ զիջել ու մենք էլ կտրամադրենք որոշակի մարդկային ռեսուրս այդ աշխատանքին  աջակցելու  համար»։

 Նշենք, որ  Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից մեկն էլ այն է, որ քվեարկողների մատնահետքը վերցնելու են ընտրատեղամասում, սակայն բազայում առկա մատնահետքի հետ չի համեմատվելու։ Միայն տվյալ քվեարկողի հետ կապված բողոքի առկայության դեպքում կլինի համեմատություն։