Անդարձ կերպով կորցնում ենք Երեւանը. քաղաքը փրկել այլեւս անհնարին է. Աստված մի արասցե, եթե անգամ երկրաշարժ լինի, փրկարարները չեն կարող մոտենալ ավերակներին՝ այնքան խիտ եւ անկանոն են կառուցված շենքները։ Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտավախություն հայտնեց գրող-հրապարակախոս Վահրամ Թաթիկյանը։
Նա նշեց, որ ինքը մտադիր է դիմել միջազգային մի շարք կառույցների՝ խնդրանքով, որ Հայաստանն ամենայն լրջությամբ հայտարարվի զբոսաշրջության համար անբարենպաստ երկիր։ «Ես պատրաստ եմ դրա համար ամենաբարձր ատյանների առջեւ պատասխան տալ։ Հայաստան զբոսաշրջիկ չպետք է մտնի։ Ես չեմ ուզում որեւէ մեկի բիզնեսին խփել։ Բայց բնությունը տրվել է վայրի, անգրագետ մարդկանց շահագործմանը։ Եթե տունդ հյուր ես կանչում, նախ պիտի մաքրես այն։ Ինչպե՞ս ես մեկին տուն հրավիրում, եթե ամենուրեք աղբ է, աղբի խնդիր ունես, որն անլուծելի է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թեպետ ինքը բնապահպան չէ, սակայն նկատել է, որ Երեւանն աստիճանաբար անապատացող տարածքի է վերածվում, ցերեկվա եւ գիշերվա միջեւ ջերմաստիճանի տարբերությունն ընդամենը 4-5 աստիճանի է հասնում։ «Արդեն շնչելու օդ չկա, քաղաքը գիշերվա ընթացքում չի հասցնում հովանալ»,- նշեց նա։





























