Հանրապետությունում ամուսնալուծվել են ամենաշատը Լոռու մարզում. եթե 2012թ.-ին արձանագրվել է 321 ամուսնալուծություն, ապա 2015թ.-ին` 381: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Եթե համեմատենք եվրոպական մյուս երկրների հետ, ապա ամուսնալուծության դեպքերն ամենաքիչը հանդիպում են Իռլանդիայում, իսկ ամենաշատը` Լատվիայում:
Թե ինչով է պայմանավորված Հայաստանում ամուսնալուծությունների այս թիվը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը» հետազոտություն է իրականացրել. պատճառն առաջին հերթին սոցիալական խնդիրներն են:
«Հետաքրքիր դիտարկումներ ունենք: Ամուսնալուծվածների մեծամասնությունը մասնագիտական կրթություն չունի: Ամուսնալուծված կանանց միայն 23 տոկոսն է աշխատում, տղամարդկանց` 24, 5 տոկոսը: Ամենաշատը ամուսնալուծության դիմել են քսան եւ ավելի տարի միասին ապրած զույգերը»,- ասաց ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:
Ըստ հետազոտության` նախորդ տարում գրանցվել է 17 հազար 603 ամուսնություն եւ ամուսնալուծության 3 հազար 6 հարյուր 69 դեպք:
«Մեր հետազոտությանը մասնակցել է նաեւ գյուղապետարանների հիսուն աշխատակից: Նրանց խոսքով` ամուսնալուծությունները հիմնականում հանդիպում են ցածր եկամուտ ստացող ընտանիքներում: Ամուսնալուծությունից հետո երեխան մնում է մոր մոտ, իսկ ալիմենտին առնչվող ամենահաճախ հանդիպող խնդիրը միջոցների բացակայության պատճառով ամբողջ գումարը վճարել չկարողանալն է»,- ասաց Արման Սարգսյանը` նշելով, որ այս հետազոտության համար տարեկան 90 մլն դրամ է տրամադրվում:



























