Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծին: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ արտաքին մշտական հարաբերությունների հանձնաժողովում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այս պահին նպատակահարմար չէ ԼՂՀ ճանաչումը, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ այսօր անիմաստ է խոսել բանակցային գործընթացի մասին, քանի որ նախ պետք է լինի կայուն զինադադար, վստահության միջոցներ կյանքի կոչվեն:

Օրինագծի հեղինակներից Հրանտ Բագրատյանն էլ հարց ուղղեց, թե եթե բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ԼՂՀ անկախության ճանաչումը ինչպես կարող է խանգարել բանակցային գործընթացին. «Դուք առաջարկում եք, եթե այսպես շարունակվի, օրական երկու-երեք հոգի մահանա՞ն, հա՞, բա որտեղից գտնենք այդ երկու-երեք հոգուն»:

Զարուհի Փոստանջյանն էլ նկատեց, որ միջազգային որեւէ կառույց չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. «Ցույց տվեք, մի փաստաթուղթ, որ դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան, այդ ե՞րբ են նրանք պատրաստվում ճանաչել: Վաճառել եք ձեր սուվերենությունը, գործընկեր չունեք»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նշել է, որ հիմա ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահը չէ: