Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում կատարելու հետեւանքով տարբեր վնասվածքներով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 57-ամյա Լեւոն Ավետիսանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:

Լեւոն Ավետիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրան վիրահատել են: Նույն օրը ավազակային հարձակման հետեւանքով վիրավորում ստացած Լեւոն Ավետիսյանի որդին՝ 17-ամյա Դավիթը նույնպես վիրահատվել է, նրա վիճակն արդեն բավարար է, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում մայիսի 13-ի գիշերը «Բրավո» տաքսի ծառայության ընկերության տնօրենի տան վրա ավազակային հարձակում է  տեղի ունեցել: Ավազակային հարձակման մեջ կասկածվում են Հրաչյան ու Էդգարը: Հրաչյա Ֆալանջյանը ավազակային հարձակման ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացել է, Էդգարը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Ըստ ոստիկանության՝ ավազակային հարձակման նպատակով Հրաչյան ու Էդգարը լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լեւոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը եւ նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը: