Արցախի դե յուրե ճանաչումը գործիք է դիվանագիտության մեջ, սակայն ես իրազեկված չեմ, թե այդ գործիքն ինչպես են օգտագործելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Ավելի շատ կասկածում եմ, որ այդ օգտագործողներն այդ գործիքն ավելի շատ իրենց սեփական վզին են գցելու, որովհետեւ թշնամիներն ու միջազգային հանրությունն այդ գործիքն ավելի շատ մեր դեմ կօգտագործի, քան մենք ենք կամենում»,-ասաց նա՝ հավելելով, որ ԼՂՀ դե յուրե ճանաչում պետք է լինի մեր օրակարգի մաս, բայց այս քննարկումը եւս քաղաքական օրակարգի մաս է:

Նա առաջարկեց հարցի քննարկումը մի փոքր հետաձգել, սպասել այսօր Վիեննայում կայանալիք Սարգսյան -Ալիեւ հանդիպմանը եւ հետո փակ քննարկում անցկացնել:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանէլ խոստացավ, որ փակ նիստ կլինի առաջիկայում:

Նույն խնդրի վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ գոնե միջանկյալ հատվածում պետք է հաշվարկներ իրականացնել` մեր կողմից ճանաչումը կբերի՞ գոնե մի քանի երկրի կողմից ճանաչման, թե ոչ: