ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը դրական եզրակացությամբ ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկելու մասին որոշմանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ելույթներից հետո, օրինագիծը դրվեց քվեարկության, որին կողմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցությունից Թեւան Պողոսյանը: Դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունից Համլետ Հարությունյանը, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը եւ հարցը չընդունվեց:

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց. «Տղանե՛ր, ճանաչելով ոչինչ չենք կորցնում, մի քիչ կփնթփնթան, բայց իշխանությունը դրա համար է, պետք է դիմանալ, դրանով դառնում ենք միասնական, որ Թալիշում, մյուս գյուղերում ու շրջաններում իմանան, որ միասին ենք»:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով պետք է ճանաչել ԼՂՀ-ն բայց անհամաձայնությունն այն է, երբ է այդ ժամանակը: «Իմ խորին համոզմամբ դեռ չի հասունացել, մեզ համբերություն է անհրաժեշտ»,-ասաց նա: Զաքարյանը նշեց, որ պետք է այնպես անել, որ ԼՂՀ ճանաչման դեպքում Հայաստանը մենակ չլինի: