Այն, ինչ տեղի է ունեցել «Լունապարկ» զբոսայգում, անօրինական է եւ պատժելի: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Այս առնչությամբ Բախշյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Ս.թ. մայիսի 14-ին սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են Երեւանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ տարածքը տախտակապատում: Այս փաստը չվրիպեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուշադրությունից եւ նա նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
«Ստիպված եմ հիշեցնել շատ կարեւոր երկու փաստաթուղթ, որոնցով Երեւանում պարզապես արգելվում է նման ապօրինի գործողությունը:
2009 թ. նոյեմբերի 18-ին N 36-Ն որոշմամբ Երեւանի ավագանին ընդունել է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշում, որտեղ սահմանվում են Երեւան քաղաքի կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները։
«3. Կանաչ տարածքների պահպանման հիմնական սկզբունքները
8. Երեւանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման, բացառությամբ` պետական անտառային գոտիների, որոնց պահպանումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության՝ համապատասխան մարմինների կողմից։
9. Կանաչ տարածքներում քաղաքաշինական, ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունը պետք է համապատասխանի իրավական ակտերով եւ (կամ) պայմանագրերով սահմանված պահպանման պահանջներին:
10. Կանաչ տարածքների օգտագործումն արգելվում է, եթե այն չի ապահովում կանաչ տարածքների բնականոն կենսագործունեությունը։
11. Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է իրավական, կազմակերպչական եւ տնտեսական միջոցառումների համակարգեր, որոնք ուղղված են կանաչ տարածքների ստեղծմանը, պահպանությանը եւ վերարտադրությանը: Կանաչ տարածքների պահպանությունը ներառում է նաեւ այն միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են կանաչ տարածքները վնասատուներից եւ հիվանդություններից պաշտպանելուն»:
Այս որոշման մեջ նաեւ հստակ ձեւակերպված են, թե կանաչ տարածքներում ինչն է արգելվում եւ սահմանված են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում կանաչ տարածքների պահպանման պահանջները:
Մի խոսքով, ըստ Երեւանի ավագանու սույն որոշման, այն, ինչ տեղի է ունեցել «Լունապարկ» զբոսայգում, անօրինական է եւ պատժելի»,-նամակում նշում է տիկին Բախշյանը եւ հիշեցնում, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին Երեւանը միացել է Եվրոպական Միության՝ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը, որի նպատակն է մասնակից համայնքում «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսումը, ինչպես նաեւ բնակիչների կյանքի որակի բարելավումը՝ ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառմամբ եւ վերականգնող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով մինչեւ 2020 թթ. առնվազն 20 տոկոսով կրճատել ածխաթթու գազի արտանետումները, իսկ դա կարելի է իրականացնել միայն կանաչ տարածքների ավելացմամբ:
«Նշանակում է՝ Երեւանի քաղաքապետը ստանձնել է սույն պարտավորությունը, սակայն ձեռնարկատիրական նպատակներով «Լունապարկ» զբոսայգու կանաչ տարածքը տախտակամածի տակ առնելու այս փաստը ամբողջությամբ հակասում է թե՛ Երեւանի ավագանու 2009թ. որոշմանը, թե՛ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը:
Խնդրում եմ պարզաբանել, թե ձեռնարկատիրոջ կողմից այգու կանաչ հատվածը տախտակամածի տակ առնելու նախաձեռնությունը, որն արգելված է վերոնշյալ որոշմամբ, ինչ իրավական ակտերով եւ (կամ) պայմանագրերով է թույլատրվել, ում կողմից, ինչու չի կանխվել»,-նշում է նամակագիրը:



























