Հայաստանում հասարակական տրանսպորտում ու ձեռնարկություններում կարգելվի քարոզչական բովանդակության նյութեր փակցնել: Այս մասին Հայաստանի ԱԺ-ում մայիսի 16-ին հայտնել է Կաառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը Ըտրական օրենսգրքի նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումների ժամանակ:
Նրա խոսքով, քարոզչական նյութերը կարգելվի փակցնել թե հասարակական տրանսպորտում, թե տաքսիներում: Միաժամանակ ֆիզիկական անձինք կկարողանան իրենց սեփական տարածքներում պաստառներ փակցնել: «Ինչո՞ւ այդ դեպքում չի կարելի փակցնել պաստառներ նաեւ ձեռնարկություններում: Քանի որ մենք որոշել ենք, որ ֆիզիկական անձը կարո՛ղ է արտահայտել իր քաղաքական դիրքորոշումը, բայց իրավաբանական անձը քաղաքական դիրքորոշում չի կարող ունենալ ու նա չպետք է հանդես գա քարոզիչի դերում»,- հավելել է Հարությունյանը: Նա ճշգրտել է, որ պաստառներ ու այլ քարոզչանյութեր բնակելի շենքերում կարող են փակցնել միայն բնակարանատերերը՝ իրենց սեփական պատերին, պատուհաններին, պատշգամբում: Բայց ընդհանուր շենքի վրա պաստառ փակցնել չի կարելի, քանի որ համատիրությունը ( որը կառավարում է բազմաբնակարան շենքը կամ շենքերը) նույնպես իրավունք չունի հանդես գալ որպես ընտրական քարոզչության սուբյեկտ:





























