Ընտրատեղամասում միաժամանակ 15 ընտրողի սահմանափակումն առաջարկում են հանել։ Այս մասին մայիսի 16-ին՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ, հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ կան շատ տեղամասեր, որոնք առանց քվեարկության համար արգելք ստեղծելու, տեղավորում են ավելի քան 15 ընտրողի։ Այդ պատճառով ընտրողների թիվը 15-ով սահմանափակել պետք չէ։ «Դեպքեր են եղել, երբ վստահված անձինք հայտարարել են, որ 15-ի փոխարեն ներկա է 17 ընտրող եւ դրա մասին արձանագրություն են կազմել, թեպետ դա քվեարկությանը իրականում չի խանգարել։ Քվեարկությունն անիմաստ ձգձգումներից ազատելու համար առաջարկում ենք, որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները քվեարկությունն ընդհատեն միայն այն ժամանակ, երբ ընտրողների կուտակումներն ակնհայտ կխանգարեն քվեարկությանը։ Միայն այդ դեպքում կգործի սահմանափակումը։ Նույն սկզբունքը կգործի նաեւ լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումների համար»,- ասել է նախարարը։