Առանց քաղաքական կամքի չի օգնի անգամ ամենալավ Ընտրական օրենսգիրքը։ Այս մասին մայիսի 16-ին Ազգային ժողովում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ կարելի է պնդել ընդդիմության ցանկացած պահանջ, սակայն եթե անգամ այն ընդունվի, ընտրությունները արդար  չեն լինի, եթե երկրի ղեկավարությունը համապատասխան քաղաքական կամքը չունի։ Դրա վառ օրինակներից է քվեարկության համակարգը (համամասնական եւ մեծամասնական)։ Զոհրաբյանի խոսքով՝ օտարերկրյա պատգամավորներն ու դիտորդները մեկ անգամ չէ, որ զարմացել են, թե ինչու է Հայաստանում այդ հարցին այդքան մեծ ուշադրություն դարձվում։ Միայն այն բանից հետո, երբ նրանց երկար բացատրեցին, երբ նրանք եղան տեղերում եւ հասկացան, թե ինչով է դա պայմանավորված, վեճի առարկան հասկանալի դարձավ։ «Դա եւս մեկ անգամ հաստատում է, որ համակարգը կարող է լինել ինչպիսին ուզում ես, սակայն եթե ընտրություններն արդար են, մտահոգվելու տեղիք չկա։ Հակառակ դեպքում կարելի է թողնել մատնահետքեր եւ ոտի մատնահեքերն անգամ, միեւնույնն է, ոչինչ չի ստացվի։ Եթե չկա քաղաքական կամք, չի փրկի անգամ հանճարեղ Ընտրական օրենսգիրքը»,- նշեց Զոհրաբյանը։