Չի կարելի չնկատել, որ իշխանությունն ու ընդդիմությունը Ընտրական օրենսգրքի հարցով կոնսենսուսի ուղղությամբ են գնում։ Այս մասին մայիսի 16-ին՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ, հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Անցյալ շաբաթ քննարկումներն ընթանում էին գրեթե ամեն օր մինչեւ ուշ գիշեր։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը եւ Կառավարության աշխատակազմի նախագահը իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հետ քննարկել են հետաքրքրող հարցերը։ Եվ մենք տեսնում եքն, որ առաջընթաց կա»,- ասաց Շարմազանովը։

Նա խոստովանեց, որ մի շարք հարցերում կողմերը դեռեւս ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն մինչեւ հունիսի 1-ը պետք է շարունակել ընդառաջ գնալ։ « Բաժակը կիսով չափ լի է, կիսով չափ դատա՞րկ։ Եկեք հիշենք, որ քննարկումներից առաջ բաժակը դատարկ էր։ Հիմա մենք այն կիսով չափ լցրել ենք։ Եվ եկեք չմոռանանք, որ 1-ին ընթերցման ժամանակ Ընտրական օրենսգիրքն ընդունվել էր 98 ձայնով, որից 30-ը ընդդիմությունն էր տվել։ Այնպես որ կոնսենսուսի կամ դրա նախադրյալների մասին խոսելը տեղին է»,- ասել է Շարմազանովը։