Անգամ եվրոպացի փորձագետներն ի վիճակի չեն գլուխ հանել Ընտրական օրենսգրքի նախագծից։ Այս մասին մայիսի 16-ին՝ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի 2-րդ ընթերցման քննարկումների ժամանակ, հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ադրբեջանի նավթադոլարներին կարող է հակադրել միայն ժողովրդավարության ռեսուրսը, երբ յուրաքանչյուրն իմանա, որ իր կամքից եւ որոշումներից ինչ-որ բան է կախված։ Դա կմեծացնի երկրի ուժը։ Ինչ վերաբերում է ԸՕ նախագծին, ապա ԵԱՀԿ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը նշում են քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի կարեւորությունը, որը դեռ ձեռք չի բերվել։ «Միաժամանակ նրանք մտահոգություն են հայտնում բարեփոխումների ժամկետների կապակցությամբ։ Նման արմատական փոփոխությունները մեկ տարում հասարակության կողմից յուրացնելը շատ դժվար է։ Քաղաքացիական հասարակության մասնակցությամբ համապարփակ քննարկումներ են պետք։ Սակայն այդ պահանջը չի կատարվել։ Եվրոպայի խորհրդում ես հանդիպել եմ մասնագետների, որոնք մասնակցել են տասնյակ եվրոպական երկրների ընտրական իրավունքի կազմման գործընթացին։ Նրանք ինձ ասում էին. «Մենք 5 անգամ կարդացել ենք ձեր օրենսգիրքը եւ ոչինչ չենք հասկանում»։ Պարզ է, որ հասարակ մարդիկ ավելի քիչ բան կհասկանան։ Իսկ դա չի նպաստի ընտրությունների նկատմամբ վստահության աճին»,- ասել է Զուրաբյանը։
Նրա կարծիքով՝ օրենսգիրքը կրելի է ընդունել, բայց դրա կիրառումը հետաձգել մինչեւ 2022թ. խորհրդարանական ընտրություններ, որպեսզի քաղաքական ուժերը հասցնեն հարմարվել։ Դա հաշվի առնելով՝ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու։





























