«Ածխաջրածնային թեմատիկան» եւ էներգետիկ պոտենցիալն Ադրբեջանն աշխարհի աչքում գրավիչ են դարձնում։ «Անվտանգության խնդիրները եւ ինֆորմացիոն համագործակցությունը Հարավային Կովկասում » միջազգային 5-րդ կոնֆերանսի ժամանակ նման միտք է հայտնել Ազգային էներգետիկ անվտանգության ռուսական հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։

Նրա խոսքով, Ադրբեջանն այս կամ այն քաղաքական նպատակներին հասնելու համար այսօր ակտիվորեն գործի է դնում իր էներգետիկ պոտենցիալը։ «Ադրբեջանը տարբեր երկրների համոզում է գնել իր գազը կամ նավթը, մասնակցել այս կամ այն տարանցիկ նախագծերին»,-նկատեց փորձագետը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իրեն տարածաշրջանային առաջնորդ է զգում։

Սիմոնովը նաեւ ընդգծել է, որ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից Ռուսաստանի՝ ադրբեջանական գազ գնելն արդարացված չէ, քանի որ Մոսկվան Ադրբեջանից գազ գնում է եվրոպական գնով, իսկ երկրի ներսում այն տարածում է տեղական սակագներով։ Նրա խոսքով, Ադրբեջանի էներգետիկ եւ տնտեսական ներդաշնակությունը մոտակա տարիներին կաճի։ «Մյուս կողմից Ադրբեջանը հասկանում է, որ իր բոլոր խնդիրները պետք է հասցնի լուծել մոտական 15 տարիների ընթացքում, քանի դեռ չեն սպառվել նրա գազի եւ նավթի պաշարները»,- ամփոփել է փորձագետը։