«Երկրագործության գիտական կենտրոնի» ծիրանի կոլեկցիոն այգում միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր եւ ցրտադիմացկուն ու ուշահաս սորտեր: Այս մասին կենտրոն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հաղորդում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման եւ մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն եւ ուշահաս սորտեր», - նշել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր եւ նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու եւ լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:

Ինչ վերաբերում է կենտրոնում այս տարի ստեղծված խաղողի կոլեկցիոն այգում, Սերգո Կարապետյանի պնդմամբ, Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում. հավաքագրման գործընթացը շարունակվում է: Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաեւ ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն: