Միջազգային հանրությունը մի քանի օր դիտում էր, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ռազմական ճանապարհով լուծել հարցը, Ռուսաստանի նախագահ Պուտինը միայն ամսի 4-ին է անդրադարձել դրան: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով, դա այն ժամկետն էր, որը տրված էր Ադրբեջանին՝ ռազմի դաշտում իրավիճակ փոխելու համար: «Դա Ադրբեջանին չհաջողվեց, ինչը հնարավորություն է տալիս մտածելու բանակցությունների վերսկսման մասին»,- ընդգծեց Արզումանյանը:
Նրա խոսքով` համանախագահող երկրների միջեւ կա համաձայնություն, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը համատեղ ջանքերով պետք է փորձեն խթանել բանակցային գործընթացը:
«Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմամբ, մենք մեր հարցը ռազմի դաշտում լուծել ենք, մնում է դա բերել խաղաղության սեղան»,- հավելել է ԱԳ նախկին նախարարը:





























