Հայաստանի կառավարությունն այս տարի ակնկալում է ՀՆԱ 2,7 տոկոս աճ։ Այդ մասին նշված է 2011 թ. պետական բյուջեի բացատրագրում։ Սա վերջին շրջանում հրապարակված ամենահոռետեսական կանխատեսումն է։
Նշենք, որ 2010 թ. բյուջեի հիմքում դրված է աճի 1,2 տոկոս կանխատեսումը, սակայն 8 ամսվա կտրվածքով աճը կազմեց 3,1 տոկոս։ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսմամբ՝ ՀՆԱ-ն 2010 թ. կաճի առնվազն 4 տոկոսով։
Կառավարությունն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունում կգրանցվի շարունակական աճ եւ գլոբալ պահանջարկի մեծացում նախորդ՝ 2009 թվականի համեմատ: Բյուջեի հիմքում դրված կանխատեսման համաձայն՝ մետաղների միջազգային գները համեստ աճի միտում կդրսեւորեն եւ 2011 թ. կկայունանան, կվերականգնվեն նաեւ արտերկից եկող դրամական փոխանցումները` հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսությունում ակնկալվող դրական զարգացումներով: Արդյունքում՝ 2011 թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.6 տոկոսի չափով: Ընդ որում, արդյունաբերությունը կաճի 4.6 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 10 տոկոսով, շինարարությունը՝ 2 տոկոսով, ծառայությունները՝ 3.9 տոկոսով:





























