Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաններն ու մասնագետները պնդում են, որ Հայաստանում խաղողի բերքն այս տարի 20-30 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։ Սակայն Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը նման հայտարարությունները առասպել է համարում։ Այսօր` սեպտեմբերի 30-ին հրավիրած ասուլիսում Բերբերյանն ասաց, որ բերքը նախորդ տարվա ցուցանիշը չի գերազանցի, այսինքն՝ կլինի 150-180 հազ. տոննայի սահմաններում։ Սակայն նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, 2009 թ. խաղողի բերքը կազմել է 206 հազ. տոննա։

Հ. Բերբերյանը պնդեց, որ միայն Տավուշի մարզում է ստացվել խաղողի լավ բերք, ուր մթերումներ են կազմակերպում Երեւանի կոնյակի գործարանն ու Երեւանի շամպայն գինիների գործարանը։ Առաջինը մթերել է մոտ 1000 տոննա, երկրորդը՝ 700 տոննա։