Ռազմական գործողությունների հետեւանքով«Արցախգազ»-ին հասցվել է մոտ 2 մլն դրամի նյութական վնաս։

Ընկերության մամուլի ծառայության փոխանցմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ի թիվս այլ բնակավայրերի հակառակորդի հերտակոծության թիրախում էր հայտնվել նաեւ Մարտակերտ շրջկենտրոնը: Ռմբակոծությունից անմասն չմնաց նաեւ քաղաքի գազամատակարարման համակարգը: «Արցախգազ» ՓԲԸ Մարտակերտի արտադրաշահագործման տեղամասը իր աշխատանքները չի դադարեցրել անգամ ռազմական գործողությունների ամենաթեժ պահերին: Հրետակոծությունից անմիջապես հետո «Արցախգազ» ՓԲԸ Մարտակերտի ԱՇՏ պետ Սասուն Առաքելյանի գլխավորությամբ մասնագետների խումբը, չնայած մարդկային սուղ միջոցներին, օպերատիվ կերպով վերացնում էին վթարի հետեւանքները: Իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում էր տեղամասի կողմից: Մարտակերտ շրջկենտրոնում րոպե անգամ չեն դադարեցվել բնական գազով սնուցվող առաջնային կարեւորություն ունեցող օբյեկտների գազամատակարարումը:

Ռմբակոծության արդյունքում վնասվել են հիմնականում միջին եւ ցածր ճնշման գազատարներ: Վերանորոգման ենթակա է նաեւ շրջկենտրոնի թվով հինգ բնակարանների գազատարների ներտնային ցանցը:

Այժմ մարտակերտում ընթանում են վթարված գազատարների վերականգնման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ հակառակորդի կողմից արկակոծման հետեւանքով ընկերությանը հասցվել է մոտ 2 մլն. դրամի նյութական վնաս: