Հայաստանի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն իր սեպտեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցումով քննարկել է կառավարության ներկայացրած 4 օրինագծեր եւ օրենսդրական փաթեթներ, որոնք ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքներում փոփոխություններով, նշվում է, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած` իր ողջ լինելու մասին փաստաթուղթը կամ անձամբ բանկ ներկայանալու միջոցով հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:
Քննարկվել է նաեւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է քննարկված օրինագիծն ու օրենսդրական փաթեթները դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ հոկտեմբերի 4-7-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:




























