Հայաստանում հեռուստատեսությունների լիցենզավորման գործընթացը  անհրաժեշտ է պարզեցնել։ Հեռուստատեսությունները ինքնուրույն պետք է որոշեն, թե տվյալ լիցենզիայի շրջանակներում ինչպիսի հեռարձակում իրականացնեն՝ կաբելային, արբանյակային կամ այլ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։

Փորձագետի կարծիքով՝ գլոբալացումը հանգեցնում է լիցենզավորման գործընթացի արժեզրկման։ «Այսօր արդեն տանը նստած ինտերնետով ռուսական ալիքներ ենք նայում, իսկ դրա համար ոչ օրենք է պետք, ոչ լիցենզիա, ոչինչ պետք չի»,-ասաց Մ. Հարությունյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ոք այժմ կարող է ինտերնետում ինքնուրույն դոմեյն գրանցել եւ տեղադրել ցանկացած տեղեկատվություն, եւ որեւէ սահմանափակում այս առումով գոյություն չունի։ Սակայն Մ. Հարությունյանը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ առայժմ Հայաստանում ինտերնետային հեռարձակման լսարանը մեծ չէ եւ կրիտիկական զանգվածին չի հասել, իսկ դա պարզապես ժամանակ խնդիր է։

«Սակայն հենց հասավ կրիտիկականին, անմիջապես ինչ-որ մի բան կմտածեն, որովհետեւ օրենքը այդ բացերն ունի»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է կապուղիների լիցենզավորմանը՝ Մ. Հարությունյանը դա համարում է ուշացած, կամ վերահսկողության մի ձեւ։

«Լիցենզավորումը ոչ թե իմաստ չունի, այլ, կարեւոր է, որպեսզի բավանդակության համար գոնե որոշակի պատասխանատվություն լինի, որպեսզի իսկապես զրպարտություն, պատերազմի հրահրում եւ այլն չլինեն։ Սակայն  տեղեկատվության տարածումը, տեղեկատվության հեռարձակումը լիցենզավորելը այժմյան պայմաններում դառնում է աբսուրդ, քանի որ դու կարող ես ինչ-որ արբանյակ վարձակալել, որը ՀՀ-ի սեփականությունը չի եւ արբանյակով տեղեկատվությունը տարածես ամբողջ աշխարհով։ Իսկ բոլոր ցանկացողները կարող են ուղղել իրենց անտենան այդ ուղղությամբ եւ կստանան քո ինֆորմացիան։ Եվ դրա համար հեռարձակումը լիցենզավորելը մոտակա տարիներին դառնալու է ավելորդ»,- ասաց Մ. Հարությունյանը: